Եղիշե Չարենց (Կենսագրություն)

Եղիշե Չարենցը (Եղիշե Սողոմոնյան) ծնվել է 1897թ. մարտի 13-ին, Կարսում: Երկար տարիներ Չարենցի ծննդյան վայրը գիտնականների և բանասերների վեճի առարկա էր, որովհետև նրա թղթերում պահպանվել էր պարսկական մի անձնագիր, որտեղ նշված էր, որ նա ծնվել է Պարսկաստանի Մակու քաղաքում: Բանն այն է, որ 1919թ. Չարենցը իր ընկերոջ Գևորգ Աբովի հետ մեկնում է Կարս նորաբաց հայկական դպրոցներում ուսուվչությամբ զբաղվելու: Բայց քանի որ Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն զինապարտներին չէր թույլատրվում ուսուցչությամբ զբաղվել, նրանք, օգտագործելով Չարենցի հոր` Աբգար աղայի կապերը, ձեռք են բերում պարսկական անձնագրեր:

Իրականում, Չարենցի ծնողները Պարսկաստանի Մակու քաղաքից էին և, համաձայն բանաստեղծի ավագ եղբոր Սերոբի վկայության, Սողոմոնյանների ընտանիքը 1883թ. տեղափոխվում է Էրզրում, այնուհետև Կարս: Չարենցի հայրը Աբգար աղան և մայրը Թեկղի (Թելլի) Միրզոյանը ունեին չորս որդի և երեք դուստր: Կարսում նրանց ընտանիքն ապրում է տարբեր թաղամասերում` «Բերդի տակ», Ալեքսանդրովսկայա փողոցում, Երկաթե կամուրջի մոտ, Սուկափի թաղում և այլուր: Աբգար աղան առևտրական էր. Կարսում ուներ բավականին մեծ խանութ և զբաղվում էր գորգերի առևտրով: Նա խիստ, աստվածավախ և օրինապահ մարդ էր: Եղել էր Երուսաղեմում, որի համար նրան կոչում էին նաև «հաջի»:

Չարենցի եղբայր Սերոբը հոր հետ առևտրով էր զբաղվում և ապրում է մինչև ծերություն, իսկ Գեղամը 1937թ. ստալինյան բռնությունների զոհերից է: Քույրերից Աննան բնակվում էր Երևանում, իսկ Աշխենը, ով փոքր տարիքում ծաղիկ հիվանդությունից կորցրել էր տեսողությունը, եղբոր Գեղամի հետ բնակվում էր Լենինգրադում: Չարենցի մյուս քույրը` Մարիամը իր ընտանիքի հետ զոհվում է Մեծ եղեռնի տարիներին:

20-րդ դարի սկզբին Կարսում կային մի քանի ուսումնական հաստատությունների. եռամյա ուսումնարանը, որը գործում էր 1880թ.-ից, կաթոլիկ եկեղեցական-ծխական ուսումնարանը, քաղաքային մեկդասյա դպրոցը, Ջամբազյանի երրորդ կարգի մասնավոր դպրոցը և 1905թ.-ին բացված լուսավորչական եկեղեցուն կից ծխական դպրոցը: Չարենցն իր սկզբնական կրթությունը ստանում է Ջամբազյանի դպրոցում: 1908-12թթ. պատանի Եղիշեն սովորում է Կարսի ռեալական դպրոցում:

1912թ. Թիֆլիս լույս տեսնող «Պատանի» ալմանախում տպագրվում է Չարենցի առաջին բանաստեղծությունը: Չարենցը շատ ընթերցասեր էր և օրվա մեծ մասը կարդում էր: Թեև Կարսը գավառական փոքր քաղաք էր, սակայն գրական-հասարակական կյանքը բավականին աշխույժ էր, որի վկայությունը գրախանութների, գրադարանների, տպարանների և զգալի թվով ուսումնական հաստատությունների առկայությունն էր: Ընկերներից մեկը մի հատկանշական դրվագ է հիշում Չարենցի մասին. «… Հայրը` Աբգար աղան, փող էր տվել, որ Եղիշեն կոշիկ առնի, իսկ որդին, առանց երկար-բարակ մտածելու, այդ գումարով գրքեր առած եկավ տուն:

— Տո, դու խելքդ հացի հետ ես կերե՞լ,— զայրացավ հայրը: — Բոբի՞կ պիտի ման գաս: Եղիշեն ձայն չհանեց, բայց հետո, երբ դուրս եկանք ու գնում էինք մեր տուն, ճանապաչհին ասաց. — Լավ է մարդ ոտքից բոբիկ լինի, քան թե` խելքից»:

Մի օր քաղաքի տպարաններից մեկի մոտ Չարենցը հանդիպում է գրախանութներից մեկի տնօրեն Ալեքսանդր Տեր-Եսայանին և ասում, որ «բերել եմ ոտանավորներս տպել տամ»: Տղայի համարձակ պատասխանը հետաքրքրում է գրավաճառին, և նա վերցնում է ձեռագիրը, կարդում և զարմանում: Նրա միջնորդությամբ էլ 1914թ. լույս է տեսնում պատանի Չարենցի` Աստղիկ Ղոնդախչյանին նվիրված «Երեք երգ տխրադալուկ աղջկան» բանաստեղծությունների ժողովածուն (Աստղիկը Կարսի իգական գիմնազիայի 5-րդ դասարանի աշակերտուհի էր, որին սիրահարված էր պատանի Եղիշեն):

1913-15թթ. Կարսում Չարենցը գրում է «Հրո երկիր» շարքից մի քանի բանաստեղծություններ, «Տեսիլաժամերը», «Կապուտաչյա հայրենիք» պոեմը:

1914թ. սկսվում է Առաջին համաշխարհային պատերազմը, որը թուրքերն օգտագործում են Հայկական հարցը հայ ժողովրդի բնաջնջումով լուծելու համար: 1915թ. ստեղծվում են հայկական կամավորական առաջին ջոկատները, որոնց շարքերում էլ Չարենցը մասնակցում է մի շարք մարտական գործողությունների:

1915թ. ամռանը Քանաքեռում կազմավորվում էին հայկական 6-րդ և 7-րդ կամավորական գումարտակները: Օգոստոսի 27-ին 6-րդ և 7-րդ գումարտակների հրամանատար Իշխանը առաջարկում է բժիշկ Լևոն Ատամյանին ընտրել սանիտարական կազմ հետևյալ սկզբունքով. յուրաքանչյուր վաշտում երկու «նասիլքա» երեքական սանիտարով, երկու հեծյալ հիսնյակում մի-մի սանիտար, «աբոզում», շտաբում` մեկական, երկու դեղակիր, երկու դեղակիր էլ սայլի վրա, հիվանդանոց-վրանում կրկի

Հովհաննես Թումանյան

Հովհաննես Թադեւոսի Թումանյան ՝ հայ մեծագույն գրող ու բանաստեղծ, հասարակական գործիչ։ Ծնվել է 1869 թվականի փետրվարի 7-ին, Լոռվա Դսեղ գյուղում` հոգեւորականի ընտանիքում։ Նախնական կրթությունը ստացել է հայրենի գյուղում, այնուհետեւ Ջալալօղլու (այժմյան՝ Ստեփանավան) դպրոցում։ 1883 թվականից շարունակել է ուսումը Թիֆլիսի Ներսիսյան Ճեմարանում, սակայն նյութական ծանր իրավիճակի պատճառով 1887թ. ստիպված եղավ թողնել դպրոցը եւ սկսեց աշխատել Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում, այնուհետեւ Հայ Հրատարակչական միության գրասենյակում (մինչեւ 1893թ)։ Թումանյանը սկսել է ստեղծագործել 80-ականների կեսից, այդ ժամանակ էլ սկսում է համագործակցել հայկական տարբեր թերթերի ու ամսագրերի հետ։ Լայն ճանաչում է ձեռք բերում “Բանաստեղծություններ” հավաքածուի (1-2 հատոր, 1890-92) լույս տեսնելուց հետո։ Թումանյանի գրական գործունեության ամենահայտնի շրջանն է համարվում XIX դարի վերջին տասնամյակը – XX դարի սկիզբը։ Այդ ժամանակաշրջանում է, որ Թումանյանը հանդես է գալիս որպես ժողովրդի ստեղծագործական ավանդույթների վրա հիմնվող բանաստեղծ։ Իր ստեղծագործություններից շատերում, նա նկարագրում է նահապետական օրենքներով ապրող գյուղացիների կյանքը, որը լի է ներքին ու հաճախ ողբերգական հակասություններով։ Այդ թեմային են նվիրված Թումանյանի այնպիսի պոեմները, ինչպիսին են «Մարոն» (1887, հրատարակվել է 1892թ), «Լոռեցի Սաքոն» (1889, հրատարակվել է 1890թ), «Անուշ» ողբերգությունը (1890, հրատարակվել է 1892թ)։ Թումանյանի պոեմներից, բալադներից ու հեքիաթներից շատերի հիմքում ընկած է ժողովրդական բանահյուսությունը։ Օրինակ՝ «Թմկաբերդի առումը» (1902, հրտ. 1905թ) հիմնված է ժողովրդական առասպելի վրա, ինչպես նաեւ «Ախթամար», «Փարվանա», «Սասունցի Դավիթ» պոեմները, «Մի կաթիլ մեղր» հեքիաթը։ 1899 թվականին բանաստեղծը կազմակերպում է “Վերնատուն” գրական խմբակը, որի անդամ են դառնում բազմաթիվ հայ նշանավոր գրողներ ու բանաստեղծներ։ XX դարի սկզբին Թումանյանը հայտնի է դառնում նաեւ որպես հասարակական գործիչ։ 1905-07 թվականներին մասնակցում է Բաքվի հայ-թաթարական ընդհարումների հաշտեցմանը։ Ցարական կառավարության կողմից երկու անգամ ձեռբակալվում է (1908 եւ 1911) ու բանտ նետվում: 1912–1921 թթ.՝ Հայ գրողների կովկասյան միության նախագահն է։ Արդեն Հայքի խորհրդայնացումից հետո դառնում է Հայաստանին օգնության կոմիտեի նախագահ (1921-22)։Հովհաննես Թումանյանը վախճանվել է 1923 թ. մարտի 23-ին, 54 տարեկան հասակում, Մոսկվայում։

Գր․ Զոհրապ «Կապիկը»

Գառագեղ մը չէր աս, ոչ ալ առյուծ մը մեջինը: Մարդու հասակի բարձրությամբ վանդակ մը որան երկաթե ցանցին մեջ զետեղված թառին վրա՝ բարակ շղթայով կապված կապիկ մը կը խաղա առտվընե մինչև իրիկուն. դեմն ալ թռչունի փոքրիկ վանդակի մը մեջ թութակ մը, որուն խնդալե ճաթող մարդու քահքահը փողոցի անցորդները կկեցնե ու դրացի տղաքը դրան առջև կը հավաքե ամեն օր:

Ամեն անգամ որ այցելության կ’երթամ տանտիրոջ՝ որուն իշխանավայել հյուրասիրությունը, ազնվական օսմանցիի վարքը՝ զինքը ճանչցողները կգրավե, վայրկյան մը կանգ կ’առնեմ պարտեզին մեջ, ներս մտնելե առաջ, և թութակին աղմկալից խնդուքը, այս անհիմն ու անտեղի ուրախությունը, մարդոց շատերուն ուրախությանը պես, ինծի մտածել կուտա:

Վայրկյան մըն ալ կկենամ կապիկին մոտ, իր ճարտար լարախաղացի մարզանքներուն կհետևիմ աչքովս, սուր և խելացի ակնարկը կը դիտեմ. իր ջղային, գերազանցապես ջղային արարածի տագնապներուն վրա կզմայլիմ: Հարկավ բան մը կպակսի անոր՝ կատարյալ մարդ ըլլալու համար. ի՞նչ արդյոք. ամեն պարագայի մեջ, պակսածը զգացումը չէ:

Եվ ամեն անգամ որ ծանոթներու, հետաքրքիրներու հետ կ’անցնինք կդառնանք քովեն, միշտ բառ մը կփոխանակենք իր վրան, ո´րը՝ այն օրվան հնարած անոր մեկ խաղը կամ չարությունը կը պատմե. ո´րը՝ խելքին կամ զգացումին նոր մեկ վարձին վրա կը խոսի. օրվան… մարդն էր այս կապիկը Փրինքիփոյի մեջ:

Տանը ծառաներեն զինքը խնամողներուն մեջ իր նախընտրածը սպասուհի մըն էր. persona grata-ն այս դժվարահաճ ու անհամբույր կենդանիին. պե՞տք էր արդյոք ավելցնել իսկույն որ եկող գացող հյուրերուն ալ հաճելի էր այս ուժով լուսով աղջիկը որ Արշիպեղագոսի կղզյակեն մեկտեղ բերած էր՝ դրսեցիի առույգ ու աննենգ աղվորությանը հետ՝ նայադի մը վրդովիչ հրապույրը:

Ծանոթներես նրբամիտ թյուրք օրագրող մը որ ինծի հետ այս տունը կհաճախեր, ու ինծի չափ այս կապիկին կյանքովը կը հետաքրքրվեր, տարօրինակ բաներ կպատմեր անոր վրա:

– Կհավատա՞ս,- կ’ըսեր ինծի օր մը՝ խնդալով,- որ այս հեք կապիկը սիրահարած է տանը սպասուհիին, ապացույց՝ որ ճաշակի մեջ ալ մենե ետ չի մնար այս կենդանին. խել մը գիրքերու մեջ կարդացած եմ որ Ամերիկայի օրանկութանները, հին ատեններու ասպետներուն պես, ճշմարիտ առևանգություններ և անվավեր ամուսնություններ կատարած են իրենց սիրած կիներով. չեմ զարմանար ուրեմն թե որ մեր կապիկն ալ Մարիղոն սիրե:

Եվ իմ տարակուսական ձևիս վրա՝

– Հավտա´,- կ’ավելցներ բարեկամս,- որ իրողություն մըն է ըսածս. ես այս կենդանին ուսումնասիրելու վրա եմ. հիմար ու բուռն սիրո մը ապացույցները ունիմ, Ռոմեո եւ Ժյուլիեթի սեր մը:

Իրոք, ամեն անգամ որ Մարիղոն կմոտենար կապիկին, դող կ’ելլեր անիկա, հրճվանքի սարսուռ մը կվազեր իր մազոտ մորթին վրա, աչքերը կը փայլեին. ցնորած, երջանկութենե արբշիռ էակի մը անկարգ ու անկապ բաները կ’ըներ, վայրկենական կերպով հլու և հնազանդ կդառնար, և սպասուհիին ձեռքին տակ կդներ փոքրիկ գլուխը որ այնքան չարությամբ լեցուն էր ուրիշներուն համար. իր նիհար թաթիկը փայփայանքի մը մեղմությամբ ու անհուն հեշտության մը դողովը աղջկան դպցնել կ’ուզեր միշտ: Ասոնք և ասոնց նման հազար մանր ու չնչին բաներ այս սիրո տառապանքը կմատնեին, մինչդեռ թութակը, դեմեն, ծաղրանքի խլացուցիչ քրքիջով մը կծիծաղեր, իր հավիտենական հեգնությունը կդներ իր չզգացած այս ցավին ու կսկիծին վրա:

Քիչ-քիչ ճշմարիտ գայթակղության մը համեմատությունները առավ այս տարփանքը: Կապիկը կնախանձեր և սուր ակռաները կկճրտեցներ Մարիղոյին մոտեցող ու խոսող էրիկ մարդոց դեմ: Իր փոքրիկ բանտին վիզին փակչող նուրբ բայց անփշրելի շղթային արտոնածին չափ՝ ցասմնակոծ ատելություն մը կհայտներ իր բոլոր ոսոխներուն դեմ և վախ կ’ազդեր: Այնքան որ հույն սպասուհին, իր կանացի բնազդովը, այս կաշկանդված անասունին վրա առաջ բերած տպավորութենեն կ’ամչնար, կպահվըտեր, և մյուս ծառաները կտանեին կերակուրը, որուն, կապիկը սրդողած հիմա, հազիվ կդպցներ իր շրթունքը. և այսպես օրերով իր զրկանքը այնքան հոժարությամբ հանձն կ’առներ որ տերը անոր անոթութենե մեռնելեն կվախնար:

Իր խոլ խաղերը, իր հիմար ոստումները դադրեր էին. ժամերով անկյուն մը սմքած կկենար ան որ հանգիստ ու դադար չէր գիտեր: Միայն՝ երբոր աղջիկը դիպվածով անցներ իր վանդակին քովեն, անսահման բերկրանքի խանդով մը կը ցատկեր տեղեն, կը քաշեր շղթան, կը դառնար, կ’ելևեջեր իր փոքրիկ տնակին մեջ:

Օր մըն ալ Մարիղոն ձգեց գնաց բոլորովին և փոքրիկ կենդանին ալ իզուր սպասեց տեսնել՝ իր կապված, գամված անկյունեն՝ զգացված էակը, վայելքի պատկերը որուն իրավունք ունենալ կկարծեր:

Թղթախաղերնուս էն տաք մեկ վայրկյանին էր երբոր լուրը բերին. ամենքնիս իսկույն ձգեցինք ելանք խաղը, սա անհավատալի բանը աչքով տեսնելու համար:

Փայտե թառին վրա ոլորված շղթային ծայրեն, որ այսպես կարճըցած հիմա՝ մինչև գետին չէր հասներ ա´լ, կապիկը կախված էր ուղղաձիգ և անշարժ. իր աջ թաթիկովը ուժով մը կսեղմեր դեռ, կարծես թե կփայփայեր, շղթան որ իր սրտահոժար մահվան գործիքը եղած էր. աչվըները գոց էին ու բոլոր դեմքին վրա, հարափոփոխ ու ծաղրածու դեմքին վրա, չեմ գիտեր ի´նչ ծանր ու լուրջ բան մը որ այս մեռելի մանկական երեսին՝ ազատագրության մը՝ վերջնական փրկության ու հանգստի մը վեհությունը կու տար:

Ի՞նչպես, ե՞րբ պատահեր էր ասիկա. պարզ դիպվա՞ծ արդյոք. և կապիկը, այնքան փորձ ու ճարտար, կարելի՞ էր որ մեկանց այնքան ապիկար եղած ըլլար՝ իր շղթային ոլորումներուն մեջ շնչահեղձ մնալու չափ:

Ծառաները, որոնք սակայն ամենեն աղեկ կճանչնային այս կապիկը, հավաստեցին թե անիկա կամովին սպաննած էր ինքզինքը, մարդոց շատերեն ավելի մեծ արհամարհանք մը ցուցնելով կյանքին:

Ու ես, զարմացած, դեռ կարծես կդիտեմ սա շղթային ծայրեն կախված փոքրիկ մարմինը, իր վար ծռած գլխովը, ու սա փոքրիկ թաթը որ վար չիյնալու համար շղթան բռներ է:

Ժամերով պիտի կենայի ասանկ, թե որ թութակը հանկարծ իր խնդալե մարելու մոտ մարդու քահքահովը, որ կյանքն ու մահը չի զանազաներ, չգար զիս սթափեցնել:

Պարտուսի գերին։ Վանո Սիրադեղյան

Եթե Հենդոն երկու տարի էլ նստի նույն դասարանում, համադասարանցիներին հորեղբայր կգա։ Հիմա էլ գալիս է, բայց՝ կրտսեր հորեղբայր։ Այնպես որ, պարտուսը Հենդոյից սարքել է վեցերորդցու կենդանի հուշարձան։

Երբ ժողկրթբաժնից գալիս են դասալսման, Հենդոյին քշում են դպրոցի այգի՝ ծառ էտելու, ձյուն կուտակելու, ոռոգելու… նայած քառորդին։ Հենդոյի գոյությունը գաղտնիք չէ շրջկենտրոնի համար, բայց դպրոցի ղեկավարությունը տեսուչների հետ Հենդոյի հանդիպումը համարում է անցանկալի։ Մի փոքրիկ դասասենյակում երկու անգործ մարդու գոյությունը չափից է ավելի։ Եվ, իսկապես, դասարան մտած միամիտ մեկը առաջին պահ Հենդոյին դաս լսող կկարծի․ նստում է վերջին նստարանին, պատուհանի մոտ, երեխաներից մի գլուխ բարձր ու ձանձրույթով լի։

…Ահա թիթեռը վայրէջքի գնաց, և երփներանգ այդ շարժումը թարմություն էր ձանձրույթի գորշ ֆոնի վրա։ Թիթեռը իջավ ծաղկաթերթի ուղիղ եզրին, թևերը ծալելու էր՝ թերթիկը հակվեց։ Թիթեռը թևին տվեց ելավ, իջավ նորից, թերթիկը հակվեց, թիթեռը ելավ… Թիթեռի հիմար համառությունը Հենդոյին կալավ։ Իսկ դասասենյակի պատուհանները գարնան դեմ փակ են։ Ապակաց դենը երևացող թիթեռի ջանքը թվաց անիրական։ Ինչ որ իմաստ կար այդ խազի մեջ, որ չէր թափանցում ապակուց։ Ուժեղ բութ մատով Հենդոն առանցքի վրա պտտեց փեղկի վրա ծռած տասանոց մեխը և (իհարկե, փեղկը լրիվ հագած չէր շրջանակին) չորս մատով քաշեց տակից։ Անմեղ հայացքը գրատախտակին հառած՝ Հենդոն ուժ տվեց դաստակին (նա ուժեղ էր և դիմագծերը կարող էին չմասնակցել մարմնի ջանքին), ու այն պահին, երբ անճոռնի փեղկը ճռնչալու էր, ազատ ձեռքով կավիճը պստլիկ մի կտոր շպրտեց երկրորդ նստարանին նստած տղայի ծոծրակին։ Անակնկալից տղան ճչաց, աղմուկով վեր թռավ տեղից… Այդ աղմուկի տակ Հենդոն լուսամուտի ծածկող փեղկը մյուսից անջատեց։ Տղան, անշուշտ, զգաց Հենդոյի ուժը, բայց մեկ որ վեր էր թռել` կպավ ետևի նստածին։ Հենդոն քիչ֊քիչ բացում էր լուսամուտը։ Նրա թոքերը թարմ օդի համին ընկան և Հենդոն ակամա չափը անցկացրեց։ Ուսուցչուհին գրատախտակից շուռ եկել, սաստել էր դասարանը, բայց չէր կենտրոնանում, էլի ինչ֊որ բան տեղը չէր։ Մեկ էլ զգաց, որ դրսի շունչը խուժել է դասասենյակ։

— Ծածկիր, այ տղա։

Հենդոն ծածկում է դժկամությամբ և երկու րոպե նստում է հուսահատ֊զգաստ։ Իսկ շրթունքները շարժվում են, հայացքը սահում է դասարանով մեկ։ Հենդոն համրում է 22 համադասարանցիներին։ Այդ կենտրոնացած տեսքով նա նման է արտեզրին կանգնած պատանի հորթարածի։ Նա այս տարվա հորթերի հետ կզբաղվի այնքան ժամանակ, մինչև սրանք փոխադրվեն հաջորդ դասարան, հետո կընդունի հինգերորդից եկած կաթնակերներին։
Այսպես, Հենդոն, ծնողները, ուսուցիչները, ժողկրթբաժինը, լուսավորության մինիստրությունը վերջապես՝ սպասում են, որ Հենդոյի պարտադիր ուսուցման տարիքը անցնի։ Իսկ մինչ այդ Հենդոն կնստի֊կլսի—չի լսի՝ կընդարմանա։ Եթե եղանակը անձրևային է, գլուխը բռունցքներին դրած ննջում է քնաբեր դասաժխորի տակ (դիվոտում է միայն ուսուցչի գոռոցից), եթե արև է կամ պարզկա ցուրտ է, հինգ֊տասը րոպեն մեկ ոտքի է կանգնում ճմլկտալու և զորեղ հոդերը ճարճատում են… Կանայք ապշանքով կամ զզվանքով մտքներում հաշվում են հոդերի համազարկը, տղամարդիկ պարզապես հրավիրում են դուրս։ Հենդոն դռնից դուրս է գալիս, կանգնում է պատուհանի տակ և դա նշանակում է, որ ուսումնառությունն այսօր ավարտվեց, պայուսակը պիտի նետվի դուրս։ Հորթերը իրար են անցնում։ Թե՛ վախենում են ուսուցչի զայրալից ուշադրությունից, թե՛ ուրախ են, որ գործ բացվեց և պահը որսում, պայուսակը նետում են դուրս։ Այդ պայուսակից երեք հատ լիներ, կարելի կլիներ․ «Պարտուսը Հայաստանում» թանգարանի հիմքը դնել։ Հենդոն օդում չանչում է պայուսակը, ինչ մեջը մնաց՝ դրա տերն է և ծանրումեծ գնում է դպրոցի բակով։ Պայուսակը՝ երախը բաց, կախած ունի միջնամատի ծայրագույն հոդից, իբր՝ հետս է, բայց իմը չէ, իբր՝ զզվում ենք սատկած կատվից, բայց աղջիկ չենք, որ չկարենանք պոչը բռնած տանենք թաղենք… Վերջին հաշվով՝ կրում եմ մորս խաթեր։

— Հենրիխ, եկ գրատախտակի մոտ։

Հազվադեպ կանչ է։ Սա նշանակում է, որ հայկական դպրոցի ռուսերենի գերմանուհի ուսուցչուհին էլի տխուր է, ընկճվածությունից նրան գուցե Հենդոյի անբիծ ուղեղը հանի։ Հենդոն ռանդած, լաքած տախտակ է, դու կավիճով վրան գրում անցնում ես առաջ, այնտեղ տառերը փոշիանում թափվում են ցած։ Ոչ գիր, ոչ էլ միտք է հանդուրժում… Իսկ գուցեև կավիճն է, պարզապես, հում կիր, որովհետև ահա Հենդոն տեղից ժպտալով եկավ կանգնեց և նրա ժպիտը բթամիտի չէ, այլ բացահայտ քամահրական։ Նա այնպես վերջնական է արհամարհում գիտելիքը, ասես մի անգամ արդեն տիրապետել է։

Հենրիխ անունը Հենդոյի վրա մոգական ազդեցություն ունի, այլապես նա մեկ անգամ ասելով չէր գա կանգնի․ կճմլկտար, ձեռքը թափ կտար, չլսելու կտար… Բայց Հենրիխը նրան կտրում է դասարանից ու առանձնացնում մի բոլորովին ուրիշ, ոչ ամենքին հայտնի կողմից։ Բացի այդ, սիրում է ուսուցչուհու առոգանությունը, թերաթուխ լավաշի գույնի մաշկը, աղջնակի քիթուբերանը, տիկնիկի ծամերի նման փափուկ ծամերը։

— Հենրիխ, ասա րոդերը։

— Հաջա՞ն…

— Րոդերը, խնտրեմ։

Դասարանը թամաշի ակնկալիքով սսկվում է։ Հենդոն իբր մտասուզվեց։ Ձախ ձեռը կանթեց գոտկատեղին, աջ ափը խփեց ճակատին ու այդպես պահեց։ Գործողությունը լրիվացնելու համար մնում էր ափը զգույշ շուռ տար, տեսներ ճանճին կպա՞վ թե չէ։ Ուսուցչուհին մտացրիվ նայում է նրան և Հենդոն դասարանին նայելու փոխարեն նայում է առաստաղին։ Առաստաղին նայելով՝ գուցե թե մի բան սովորես եկեղեցում, բայց Հենդոյի կանգնած տեղից հարյուր կիլոմետր շառավղով չկա մի եկեղեցի, նույնիսկ հասարակ մատուռ չկա, որի որմին հայերեն մի տառ մնացած լինի։ Ինչը չեն ավերել թշնամիները, խնամքով քերել են «բարեկամները»։

Դասարանից մի օգնական շշուկ է գալիս, որից Հենդոն մի բառ է որսում․

— Սրեդնի,— ու շիտակ նայում է ուսուցչուհուն։

— Ետո՞…

— Սրեդնիիիի…

— Նու չտո՝ սրեդնի,— ջղայնությունը սիրում է ջղային լեզու։

— Սրեդնի Ազիա…

— Վա՜խ,— նվաղեց դասարանի գերազանցիկը և դասարանը ձեռից գնաց։ Ինքնատիրապետման ջանքից ուսուցչուհու բերանը ծամածռվեց, դեմքը կարմրեց, պարանոցի երակները ուռան ու… նա էլ պայթեց։ Դասարանը կապը կտրեց։ Խռխռում են, վրնջում են, թառաչում են, դոփդոփում են, գալարվում են, առիթ էր եկել՝ մեկը հասցրեց մյուսի ծոծրակին, մեկը կողքինի թանաքամանի մեջ գրպանից հանած ավազ լցրեց, ոտքի վրա հռհոացողի տակը ինչ֊որ սուր բան դրին, սա նստեց ու ոռնոցով թռավ, իսկ ուսուցչուհու ծիծաղը վերածվել էր հիստերիայի։

— Նստե՞մ,— անմեղ հարցրեց Հենդոն։

Չասացին՝ նստի։ Հենդոն նստելուց կշտացած էր ու այնքան էլ դեմ չէր կանգնելուն, բայց դասարանը ձեռից գնում էր։ Եվ Հենդոյի դեմքը խոժոռվեց։ Հետո սպառնաց՝ ափի կողով կոկորդը սղոցելով։ Նրա վիզը կտրելու բան էր և այդ շարժումը տպավորություն թողեց։

Դասարանը տաշտը լցրած ջրի նման ճողփալով հանդարտվում էր։

— Օ՜յ, նե մադու,— ուսուցչուհին վերագտել էր խոսելու ընդունակությունը։

Ուրեմն նրան դաս են հարցնում՝ խնդալով լիցքաթափվելու, բոռալով հանդարտվելու կամ դասաժամը ձգելու համար և ապերախտներից մեկնումեկի մտքով չի անցնում հատուցել գոնե «միջակով»։ Քառորդը փակվում է, և դասղեկը անարտահայտիչ կարդում է․

— Սեյրանյան Հենրիկ․ հայոց լեզու՝ երկու, հայ գրականություն՝ երկու, հանրահաշիվ՝ երկու… աշխարհագրություն՝ երկու… վարք՝ երկու…

Տանը նույն ոգով կարդում է հայրը, և մայրը արձագանքում է ամեն առարկային․

— Երկրաչափություն՝ երկու…

— Վա՜շ։

— Պատմություն…

— Վա՜խ։

— Ռուսաց լեզու…

— Վա՜շ, անլեզու տղես։

— Բուսաբանություն…

— Վա՜խ, բանվոր տղես։

— Անգլերեն…

— Վա՜շ, ռանչպար տղես…

— Աշխատանք՝ հինգ։

— Ա՜խ, մեռնեմ տուն պահող տղիս։

Հենդոն իրոք ոսկի ձեռքեր ունի։ Անհնար է մարզելով ու վարժելով այդպիսի ձեռքեր ունենալ, անհնար է նման ձեռք ստանալ որևէ եղանակով, դա, ոսկու նման, պիտի լինի ու գտնվի բնության մեջ։

Հենդոյին տեսնել է պետք փայտի գործ անելիս։ Իր գնդլիկ մատներով մանր֊մանր, ճշգրիտ, կլանված աշխատում է դպրոցի արհեստանոցում, և փայտերը կցմցելով զանգին սպասող ու իր դանդաղկոտությունը ծաղրող փինաչիներին մի պատասխան ունի․

— Իմս մեկ է, հըմը բեկ է։

Զգում ես, որ մարդը հյուսն է ծնվել, որ փայտի զգացողությունը հետն է աշխարհ բերել։

Հենդոն շինում է աթոռը և փորձել֊ցուցադրելու մի եղանակ ունի, աթոռը դնում է հատակին, ինքը դազգահից ցատկում է վրան։ Եվ միայն հատակի տախտակներն են իրար գալիս։ Իսկ իր գնահատանքին ներկայացրած աթոռները փորձարկում է անհամեմատ ներողամիտ՝ բռունցքով իջնում է նստատեղին — դիմացավ՝ լավ, չդիմացավ՝ սարքի նորից։

Ժամանակը եկավ և Հենդոյի կարիքը զգացին։ Դպրոցի կահույքը շերտ֊շերտ ներկի տակ փտել էր։ Մատակարարները առաջարկել էին` կամ֊երրորդով պատրաստի գույք, կամ լրիվի հաշվով` փայտանյութ։ Անտառից հեռու, աչքերից հեռու տեղ` ամենքն էլ փայտեղենի կարիք ունեին ու որոշվեց` տախտակ ու գերան։ Կկցմցեն ներքին ուժերով։ Իհարկե, նկատի ունեին նաև Հենդոյին։ Հենդոն ոգևորությամբ հանձն առավ դասասենյակում արվելիք գործը։ Դասերից հետո մնում, աշխատում էր։ Եվ ամեն առավոտ կաթնակերներից մեկը իր ճոճվող նստարանի կայունությունը զգալով, իր փեղկի բացվել֊փակվելը տեսնելով` ղժժում էին հրճվանքից։ Հենդոյի համար այդ անասնական հրճվանքն էլ մեծ պարգև էր, բայց գործի դիմաց, համենայն դեպս, նստարանի տիրոջ ճակատին մի կենտ կտոց էր տրաքացնում։

— Որ ձրիակերությունից հանկարծ չուռեք,— բացատրում էր։

Այդ չարաբաստիկ քառորդը արագ անցավ։ Դասղեկը ըստ ցուցակի կարդաց Հենդոյի անունը։ Հենդոն, կիսանստած, խուլ ականջ էր դնում միապաղաղ «երկու»֊ներին, մեկ էլ…

— Ի՞նչ,— հարցրեց Հենդոն։

— Աշխատանք՝ երկու,— մեքենայորեն կարդաց դասղեկը։

— Ո՞նց թե,— չհասկացավ Հենդոն։

Դասղեկը բարձրացրեց գլուխը, հետո նայեց թերթիկին, կասկածեց, բայց սաստող ձայնով կրկնեց՝

— Երկու։ Դասարանը ապշած էր։

— Հա֊ա՞,— անարդարությունը Հենդոյին թաղել էր։— Ուրեմն՝ երկու…֊ Եվ անդյուրաշարժ, բարեհոգի, ժպտերես Հենդոն այլայլված դուրս թռավ տեղից՝ ձեռքի հետ փեղկը պոկելով, հեսա մյուս ձեռքով պոկեց մյուս փեղկը, միասին խփեց հատակին,— առեք ձեզ՝ երկու,— առաջ գնաց, աքացիով տեղահան արեց երկու նստարան (երեխաները ճղճղացին), երկու շարքի փեղկերը պոկռտելով գնաց դեպի ուսուցչուհին, ուսուցչուհին վեր թռավ տեղից։ Հենդոն իր նորոգած աթոռը փշրեց հատակին,— առեք ձեզ՝ երկու,— նայեց շուրջը՝ ջարդելու էլի բաներ կային, բայց արհամարհական ձեռքը թափ տվեց, դռան մոտ էր, բայց իր արարքին վճռական իմաստ տալու համար գնաց դեպի լուսամուտը, մի վերջին անգամ կտացրեց դասարանի գերազանցիկի շեկլիկ գլխին ու դուրս թռավ պատուհանից։ Պայուսակը նրա ետևից նետող չեղավ։ Նա չսպասեց էլ։

Փավստոս Բուզանդը Փառանձեմ թագուհու մասին

Երբ Գնելը բանակի մեջ մտավ, թագավորին իմաց տվին նրա գալուստը։ Ապա արքունիքից հրաման տրվեց’ բանակից դուրս պահել նրան և տանել սպանել։ Եվ մինչ նա ձի հեծած անցնում էր բանակի միջով և մոտենում էր արքունի հրապարակին, այդտեղ արքունիքից վրա են հասնում բազմաթիվ սպասավորներ’ զինված սրերով, նիզակներով, սվիններով, վաղրերով ու սակրերով, և ասպարակիր հետևակ զորք։ Նրանք հասան, բռնեցին Գնել պատանուն, ձիուց վեր գցեցին, ձեռքերը ետևը կապեցին և առան տարան գլխատելու տեղը։

Նրա կինը նույն վշտի մեջ էր իր ամուսնու հետ և եկել էր ժանվարով։ Երբ տեսավ, որ իր ամուսնուն բռնեցին ու կապեցին, իսկույն վազեց եկեղեցի, որտեղ բանակի մարդկանց համար աստվածային արարողություն էր կատարվում’ առավոտյան աղոթքը, ուր գտնվում էր նաև Ներսես մեծ եպիսկոպոսապետը։ Կինը հասնելով եպիսկոպոսապետի մոտ’ գուժում էր իր անմեղ ամուսնու կորուստը։ Ճիչ բարձրացրեց’ ասելով. «Շտապի’ր, հասիր, ամուսնուս առանց մեղքի, առանց հանցանքի խողխողում են»։ (Իսկ նա) արարողությունը ընդհատելով’ վազում է թագավորի պալատը, դռանը հասնելով’ ներս է ընկնում թագավորի մոտ։ Իսկ թագավորը, երբ տեսավ մեծ քահանայապետին, իմանալով, որ եկել է բարեխոսելու և համոզելու, որ (Գնելին) չսպանվի, սամուրենին գլխին քաշած, շտապով իր երեսր ծածկում է’ խռմփացնելով’ իբր թե քնած է, որպես թե նրա խոսքերը չի լսում։ 

սվիններ – Հրացանի ծայրին ագուցվող խոցող սառը զենք, շիշ
սակրեր – Տապարաձև հին պատերազմական զենք:
ասպարակիր – ձի կրող հետևակ
ժանվար – գեղեցիկ թագավորական փոխադրելու պադգարակ
գուժել – վատ լուր հաղորդել, ողբալ
սամուրենի – սամույրի մորթուց կարված մուշտակ

Գնելի սպանությունը, և Արշակի ու Փառանձեմի ամուսնությունը

Ապա հրաման տրվեց թագավորից. բանակում եղող բոլոր մարդիկ՝ մեծ ու փոքր, առհասարակ առանց բացառության, գնան կոծ անեն ու ողբան սպանված Արշակունի մեծ սեպուհ Գնելին. ոչ ոք չհամարձակվի չգնալ։ Ինքը՝ թագավորն էլ գնալով լացողների մեջ նստեց, ողբաց իր եղբորորդուն, որին ինքն սպանեց։ Գնացել նստել էր դիակի մոտ, ինքը լալիս էր և հրամայում էր լաց ու կոծը սաստկացնել սպանվածի համար։ Իսկ սպանվածի կինը՝ Փառանձեմը, զգեստները պատառոտած, վարսերը արձակած, կուրծքը բացած, կոծում էր սգատեղում, բարձր ճչում էր, աղիողորմ ողբով ու արտասուքով բոլորին լացացնում էր։ Իսկ Արշակ թագավորը լացողների մեջ տեսնում է սպանվածի կնոջը, ցանկանում է և աչք է դնում՝ իրեն կին առնելու նրան։ Իսկ նա, որ նենգությամբ այն մատնությունը արեց և դավով կատարել տվեց հարազատի սպանությունը, այսինքն՝ Տիրիթը, սաստիկ սիրահարված էր այդ կնոջը, այդ պատճառով էլ թագավորի ձեռքով նենգությամբ այդ սպանությունը կատարեց։ Արդ, երբ կոծը սաստկացած էր, Տիրիթն այլևս չէր կարողանում իր կրքերը զսպել։ Մարդ է ուղարկում մեռածի կնոջ մոտ և ասում. «Շատ էլ մի’ չարչարվիր, ես նրանից լավ տղամարդ եմ. ես քեզ սիրեցի, այս պատճառով էլ նրան մեռցնել տվի, որպեսզի քեզ կնության առնեմ։ Արդ, մինչ բազմությունը դիակի շուրջը մոլեգնաբար կոծում էր, Տիրիթն այսպիսի պատգամ է ուղարկում։ Կինր բողոք բարձրացրեց. «Լսեցե’ք բոլորդ, իմ ամուսնու մահը իմ պատճառով եղավ, մեկը ինձ վրա աչք գրեց և ամուսնուս իմ պատճառով սպանել տվեց»։ Մազերը փետում էր, ճչում էր կոծելիս։ Երբ այս կարևոր իրողությունը բացվեց, ամենքին հայտնի դարձավ, ձայնարկուներն ևս լսեցին, բոլոր ձայնարկուները սկսեցին ողբաձայն խաղի նման երգել Տիրիթի սիրահարությունը, աչք տնկելը, մատնությունը, մահվան հնարք գտնելը, սպանությունը։ Սպանվածի վրա կոծ անելով՝ աղիողորմ ձայնով երգում էին այս բաները։ Երբ նրանց ձայները դադարեցին, իրողությունն արդեն տարածվել, հռչակվել էր։ Արշակ թագավորը երբ այս լսեց և հանգամանքներին վերահասու եղավ, զարմացավ, ապշեց մնաց, զգաստացավ եղածի վրա, ըմբռնեց իրողությունը։ Ապա սկսեց նա խոսել ձեռքերը իրար խփելով, խիստ զղջաց արածի համար և ասաց. «Որովհետև Տիրիթը անարժան սիրով սիրահարվել է Գնելի կնոջը, այս պատճառով էլ այդ չարիքը հնարեց, մատնությամբ անմեղ մահվան պատճառ դարձավ, զուր ու անտեղի մեզ էլ իր պղծության համար արդար արյունի մեջ շաղախեց, իր եղբորը կորցնել տվեց և մեզ ժառանգել տվեց սոսկալի չարիք ու անեծք, որոնք չեն անցնի»։ Երբ թագավորը հաստատապես իմացավ գործի հանգամանքները և ճշտեց իրողությունը, առժամանակ չլսելու տվեց, լռեց, սպասեց։ Եվ երբ մեռելը թաղեցին նույն տեղում, որտեղ սպանվել էր, և այս անցքի վրա բավական ժամանակ անցավ, ապա Տիրիթը պատգամավոր ուղարկեց թագավորի մոտ. «Հաճիր, արքա, և հրաման տուր, որ Գնելի կնոջը՝ Փառանձեմին, ինձ կին առնեմ»։ Թագավորն այս լսելով ասաց. «Այժմ հաստատ գիտեմ, որ լսածս ճիշտ է։ Գնելի մահը իր կնոջ պատճառով եղավ»։ Թագավորն իսկույն մտածեց Տիրիթին նույնպես սպանել Գնելի մահվան փոխարեն։ Երբ Տիրիթն այս լսեց, թագավորից ահաբեկված՝ գիշերով փախավ։ Արշակ թագավորին իմաց տվին Տիրիթի փախուստը։ Արշակ թագավորը հրաման տվեց բանակին’ հետամուտ լինեն Տիրիթին և որտեղ որ նրան հասնեն, նույն տեղում սպանեն։ Շատ քաջեր փախստական Տիրիթին հետամուտ եղան, գնացին, հասան մինչև Բասեն գավառը և անտառի մեջ տեղնուտեղը սպանեցին Տիրիթին, որտեղ հանդիպեցին նրան։ Սրանից հետո Արշակը իրեն կին առավ սպանված Գնելի կնոջը՝ Փառանձեմին։ Եվ որքան Արշակը սիրում էր կնոջը, այնքան էլ սա ատում էր Արշակ թագավորին՝ ասելով, թե մարմնով թավամազ է և գույնով թուխ։ Վերջը, երբ կնոջ սիրտը նրան չկպավ, Արշակ արքան մարդ ուղարկեց Հունաց երկիրը և այնտեղից կայսերական տոհմից խնդրեց, բերել տվեց իրեն կին Ողոմպի անունով։ Նրան ուժգին սիրով սիրեց և նրանով գրգռում էր առաջին կնոջ նախանձը։ Փառանձեմը սրտում ոխ պահեց Ողոմպիի դեմ և միջոց էր փնտրում նրան սպանելու։ Մի տարի  հետո Փառանձեմը թագավորին մի տղա ծնեց, որի անունը դրին Պապ. նրան մեծացրին, չափահաս դարձրին։ Երբ նա առույգ պատանի դարձավ, նրան պատանդ ուղարկեցին կայսեր պալատը՝ Հունաց երկիրը։ Իսկ Փառանձեմը մեծ նախանձով ու ոխով լցված էր դեպի Ողոմպին և միջոց էր որոնում՝ դեղերով նրան սպանելու, բայց չկարողացավ հնարք գտնել, որովհետև Ողոմպին շատ զգույշ էր իր անձին, մանավանդ կերակուրների և ըմպելիքների մեջ։ Նա ուտում էր միայն իր նաժիշտների պատրաստած կերակուրները և խմում էր նրանց մեկնած գինին։ Երբ ոչ մի հնարք չգտնվեց նրան մահացու դեղերով թունավորելու, ապա անօրեն Փառանձեմը իրեն դավակից դարձրեց Մրջյունիկ անունով մեկին՝ Տարոն գավառի Արշամունքից, որ այն ժամանակ արքունական պալատի երեց էր։ Անարժան, երբեք չկատարված, անջնջելի, անմոռանալի չարագործություն, հավիտենական տանջանքի արժանի, չտեսնված, Աստվածանարժան գործ կատարեց՝ կյանքի դեղի մեջ մահվան դեղ խառնելով։ Տերունական սուրբ և աստվածային մարմնի, այսինքն’ հաղորդության հացի հետ խառնեցին մահվան դեղը, և Մրջյունիկ անունով երեցը եկեղեցում Ողոմպի տիկնոջը տվեց այն մահաբեր հաղորդությունը և սպանեց։ Անօրեն Փառանձեմի ամենաչար կամքը նրա ուզածի պես կատարելով՝ այս չերեցը նրանից պարգև ստացավ Տարոնի գավառում Գոմկունք կոչված գյուղը, որտեղից ինքն էր։

ձայնարկու – լալկան, ողբասաց (կին)
հաճել – հավանել, ախորժել
պատանդ – բռնի կերպով մի տեղ պահված՝ ներկալված անձ իբրև երաշխիք որոշ պարտավորություններ կամ պահանջներ կատարվելու այն երկրի, տերության կամ կազմակերպության կողմից, որին պատկանում այդ անձը
նաժիշտ – սպասավորուհի, աղախին
աղիողորմ – դառն և ողորմելի, սրտաճմլիկ
վերահասու – գիտակ, իմացող, լավատեղյակ, մի բանի մասին անհրաժեշտ տեղեկություններ՝ գիտելիքներ ունեցող

Հայրենիքում

Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր։
Երկինքներ, որպես երազներ հոգու։
Երկինքներ, որպես մանկական աչեր։
Մենակ էի ես։ Ինձ հետ էիր դու։

Երբ լսում էի մրմունջը լճի
Ու նայում էի թափանցիկ հեռուն –
Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի
Կարոտը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն։

Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում
Մեկը կարոտի իրիկնամուտին։
Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն
Խառնելով հոգիս աստղային մութին․․․